Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գլխավոր պողոտան՝ որպես հետիոտն պողոտա

Գլխավոր պողոտան՝ որպես հետիոտն պողոտա
18.12.2013 | 15:34

Քաղաքը կենդանի օրգանիզմ է և մշտապես պետք է հարմարեցվի ժամանակի պահանջներին: Մի քանի ամիս առաջ քաղաքապետը հանձնարարականներ է տվել իր ստորաբաժանումներին՝ Գլխավոր պողոտայի վերակառուցման տարբերակներ մշակել որպես հետիոտն պողոտա ու ներկայացնել քննարկման: Այս թեմայով զրուցում ենք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Ըստ Ձեզ, ի՞նչ սկզբունքներ պետք է հաշվի առնել Գլխավոր պողոտայի վերակառուցման տարբերակները մշակելիս:
-Գլխավոր պողոտան ստեղծվել է Ալ. Թամանյանի Գլխավոր հատակագծի համաձայն: Այն նախատեսված էր որպես հետիոտն պողոտա, որը Մեծ բուլվարի, Հյուսիսային պողոտայի-Հյուսիսային ճառագայթի և Օղակաձև զբոսայգու հետ պետք է դառնար Երևան քաղաքի կենտրոնական հետիոտն շարժման կորիզը: Եթե նկատեք, այդ տարածքները կազմավորված են մեքենաների շարժմանը ճամփատրուկ: Սակայն Գլխավոր պողոտան նաև պահուստային տարածք է Երևանի ճանապարհային ցանցի զարգացման համար, երբ քաղաքն ունենա 4 միլիոն կամ ավելի բնակչություն, կամ երբ կենտրոնում ավելանա մեքենաների երթևեկը: Այդ փաստը երևում է Թամանյանի հատակագծերի մեջ և ամրագրված է վերլուծական հաշվարկներով: Իհարկե, ոմանք կասեն, թե դեռ ժամանակը չէ այդ մասին մտածելու, բայց այսօրվանից այն պետք է հաշվի առնել, և ցանկալի է՝ ոչ մի կառուցապատում չիրականացվի այդ տարածքում: Այդ իսկ պատճառով լավ կլիներ մտածել և առաջարկել «Հին Երևան» տեղամասի ստեղծումն իրականացնել մեկ այլ վայրում, որպեսզի մի քանի տասնամյակ անց պարտադրված չլինենք այդ տեղամասը տեղափոխել և տարբեր խնդիրների հանդիպել կամ էլ ճարահատյալ այդ տարածքը պահել՝ խեղդվելով մեքենաների խցանումներից: Ինքս կողմնակից եմ, որպեսզի Գլխավոր պողոտան մնա որպես հետիոտն, բայց Նարեկ Սարգսյանի իրականացրած քաղաքաշինությունն ու կառուցապատումը գերբեռնվածություն ստեղծեցին և շարունակում են ստեղծել քաղաքի կենտրոնում: Եվ Գլխավոր պողոտայի օգտագործման անհրաժեշտությունը ոչ թե 50-60 տարի հետո կլինի, այլ արդեն ապագա 10 տարում, եթե բեռնավորման տեմպերը մնան նույնը, և բեռնաթափման ուղղությամբ ուրիշ լուծում չառաջարկվի: Հնարավոր է, իհարկե, Հյուսիսային պողոտան երթևեկելի դարձնել մեքենաների համար, քանի որ Հյուսիսային պողոտան դիագոնալ փողոց է և հետիոտն պողոտայի կառուցվածք չունի ու չի կարող ունենալ, եթե անգամ այդ ուղղությամբ տարբեր վերակառուցումներ արվեն: Բայց, ցավոք, Հյուսիսային պողոտայի այդ ֆունկցիոնալ փոփոխությունը ոչ մի դրական արդյունք չի արձանագրի, քանի որ վերջինիս հետ հատվող փողոցների բեռնաթափումն էական դեր չի կարող ունենալ: Դրանք նեղ են և Հյուսիսային պողոտայի կառուցապատումից ավելի նրբանցքային կառուցվածք են ստացել:
-Քաղաքային հասարակական տարածքները մեզ մոտ հարմարեցված չեն քաղաքացուն:
-Գլխավոր պողոտան պետք է վերակառուցել Երևանի բնակիչների պահանջներին համապատասխան և 21-րդ դարի շնչով: Եվ հարց է առաջանում` ինչպես այն վերակառուցել, որ իսկապես ծառայի երևանցուն ու զբոսաշրջիկին ու նման չլինի մյուս բարեկարգված, բայց ամայի երևանյան հասարակական տարածքներին: Նախ՝ անհրաժեշտ է հրաժարվել այն մտքից, որ պետք է ստեղծել քաղաքային հասարակական տարածքներ միատիպ մարդու համար: Մոդեռնիզմի դարն անցել է, և «միատիպ մարդ» հասկացությունն այլևս գոյություն չունի ո՛չ ճարտարապետության, ո՛չ քաղաքաշինության, ո՛չ էլ այժմյան հետինդուստրիալ և սպառողական հասարակության մեջ: Պետք է նկատել, որ Երևանում մարդիկ քաղաքային տարածքների օգտագործման մեջ շատ բազմազան են ու շատ հեռու միատիպ մարդ լինելուց: Նաև պետք է ընդունել այն փաստը, որ չնայած Խորհրդային Միությունում առկա էին հանրային տարածքներ, բայց դրանց մշակման ձևերը մատնանշում էին «հանրային տարածքների» բացակայության մասին: Դրանք ոչ մեկին չէին պատկանում՝ ոչ հանրությանը, ոչ էլ տարբեր մարդկանց խմբերի: Դա է պատճառը, որ դրանք անխնամ էին, չօգտագործված և լքված: Դա է նաև պատճառը, որ բնակելի բակերը Երևանում օտարվում էին նույնիսկ Խորհրային Միության տարիներին՝ տարբեր գործածություն ստանալով: Այդ կարծրատիպերից դուրս գալու համար և նոր հասարակական տարածքներ մշակելիս նախընտրելի է հետևել քաղաքային տարածքների կազմակերպման հետևյալ սկզբունքներին: Քաղաքային հանրային տարածքները պետք է լինեն հարատև (երկարակյաց), առողջ և կենսունակ, ինչի համար անհրաժեշտ է անհապաղ փոխել դրանք մշակելու մեթոդները և պրակտիկան՝ համապատասխանեցնելով 21-րդ դարին և այժմյան երևանցուն: Գլխավոր պողոտայի վերակառուցման մշակումը պետք է բխի հետիոտնի շարժման ֆունկցիոնալ ներդաշնակության տարրերի միասնության ապահովումից: Այդ ամենը կնպաստի նաև Հանրապետության հրապարակի հետիոտն օգտագործման ինտենսիվությանը: Գլխավոր պողոտայի ներսում տարածքները պետք է մշակվեն մանրամասշտաբ՝ քաղաքային կյանքին և ռիթմին, բնակչության հանգստի պրակտիկ ձևերին համահունչ, ոչ թե՝ վերացական և պարտադրող: Տարածքները պետք է հնարավորություն տան մարդկանց ինքնադրսևորվելու, խաղալու, որոշ վարժություններ, վարժանքներ անելու: Տարածքները պետք է լինեն բոլորի համար: Ստեղծված տարածքները պետք է հատկապես նախատեսված լինեն տարբեր տարիքային խմբերի կամ կոնկրետ զբաղմունքի համար: Սակայն Գլխավոր պողոտայի երկայնքով պետք է լինեն նաև տարրական զբաղմունքի տարածքներ, որպեսզի բոլորը միաժամանակ կարողանան գտնել զբաղվելու իրենց հարազատ տեղերը, այլ ոչ թե ծնողները հանգստանան, իսկ երեխաները չիմանան՝ ինչով զբաղվել, և հակառակը: Գուցե մի քիչ տարօրինակ հնչի, օրինակ, հայերը հանգստանում են նարդի կամ շախմատ խաղալով: Չնայած մեր հայրենակիցները պասիվ հանգիստն են նախընտրում, երիտասարդների համար, այնուամենայնիվ, պետք է ստեղծվեն առողջ զբաղմունք քարոզող տարածքներ, օրինակ, ակտիվ սպորտային հանգստի վայրեր՝ ժամանակավոր ենթակառույցներով: Երեխաների համար պետք է կառուցվեն ոչ թե ատրակցիոններ, որտեղ երեխան պասիվ դերում է, այլ զարգացնել այն տարածքները, որտեղ նա ակտիվ է, օրինակ, տեղադրել ակրոբատիկայի համար նախատեսված սարքեր և այլն: Երևանի երիտասարդի երազանքն է քաղաքում կանաչ մարգագետնի վրա պառկելը, բայց այսօր քաղաքում այդ հնարավորությունը չկա: Հաճելի կլիներ, օրինակ, այդ մարգագետինը ստեղծել Գլխավոր պողոտայի՝ Հանրապետության հրապարակին հարող տարածքում, որ մարդ վայելեր նաև հրապարակի բացվող տեսարանը: Տարածքները պետք է լինեն պարզ, բազմազան, գեղարվեստական բարձր որակով, այդ ամենը պետք է լինի մարդու մասշտաբին համապատասխան, ինչը մատնանշում է հրաժեշտ տալ գիգանտամոլությանը, ամայի տարածքներ ստեղծելու խորհրդային պրակտիկային և սառը քանդակների ճեմուղուն, ինչպիսին Սարյան-Կասկադ հատվածն է: Ստեղծվելիք տարածքները պետք է ունենան քիչ բետոնապատված մաս, հաճելի կանաչապատում՝ զուրկ գունային, չափային, ծաղիկների և ծառերի էսթետիկ խառնաշփոթությունից: Ստեղծված և տեղադրված ստրուկտուրաները և տարրերը կարող են լինել մշտական, ժամանակավոր, կարճաժամկետ: Այստեղ հարկ է նշել, որ մշտական ստրուկտուրաները քաղաքային տարածքները ձևավորող գլխավոր տարրերն են, առօրյա կյանքի միջավայրը: Շատ կարևոր է, որ դրանք լինեն Գլխավոր պողոտայի տարածքների կազմակերպման յուրաքանչյուր ռազմավարության հիմքում: Եվ եթե դրանք համաչափ են, հաճելի ու հարմարակյաց, բարենպաստ են ընդունելու և զարգացնելու մյուս բոլոր տեսակի զբաղմունքները՝ թե՛ ժամանակավոր, թե՛ կարճաժամկետ: Ժամանակավոր ստրուկտուրաները տեղադրումների (էկիպիրովկա), զբաղմունքների և իրադարձությունների համար տեղադրված կառուցվածքային միավորներն են, որոնք կահավորում են քաղաքային տարածքը միայն սահմանափակ ժամանակով: Ժամանակավոր ստրուկտուրաները կարող են լինել նաև սեզոնային: Իսկ կարճաժամկետ ստրուկտուրաները տեղադրվում են տարբեր միջոցառումների, մեծ իրադարձությունների ժամանակ: Պետք է, սակայն, խուսափել տարածքները տարբեր կառույցներով գերբեռնելուց և «բազար» ստեղծելուց:
Ցանկալի է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դրսի աստիճանները նույնպես ընդգրկել Գլխավոր պողոտայի վերակառուցման մեջ, վերացնել ամայի լինելը և այն դարձնել օգտագործելի, կանաչապատել՝ աստիճաններն օգտագործելով որպես նստատեղեր, ինչպես նաև ուլտրամոդեռն ձևերով փակել շատրվանների բացվածքը՝ ստեղծելով փոքր հրապարակ: Իսկ ներքևի մասում, եթե մետրոյի անվտանգության պայմանները թույլատրում են, շատրվանի տեղում և հարակից տարածքներում ստեղծել միջգերատեսչական գրադարան կամ վերնիսաժային տարածք, ինչպես նաև հրաժարվել այդ տարածքում հյուրանոց կառուցելու մտքից, քանի որ կոպտորեն կոտնահարվի մետրոյի անվտանգության, քաղաքաշինական և այլ պայմանների բավարարումը:
-Ձեր առաջարկած մոտեցումները ենթադրո՞ւմ են արդյոք վերնիսաժի վերացում:
-Այս վերակառուցման ձևերն ամենևին չեն նշանակում վերացնել Գլխավոր պողոտայի վերնիսաժային week-end-ային օգտագործումը: Վերնիսաժը կարող է տեղադրվել կարճաժամկետ ստրուկտուրաներով, ինչպես նաև կարող է մի քիչ տեղափոխվել և զբաղեցնել Բուզանդի և Արամի փողոցները: Այս ամենը պահանջում է սխեմաների կոնկրետ ներկայացում, ինչն անհնար է անել հարցազրույցի սահմաններում: Գլխավոր պողոտայի վերակառուցումը, որպես հետիոտն պողոտա, կհանգեցնի տարածքի հարակից շենքերի առաջին հարկերի աննախադեպ աշխուժացման: Այդ ամենը կնպաստի, որ այն, ի տարբերություն Հյուսիսային պողոտայի, դառնա իսկական հետիոտն պողոտա: Գլխավոր պողոտայի այդպիսի վերակառուցումը կնպաստի նաև Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների հետիոտն օգտագործման ինտենսիվությանը:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ